ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դեմենցիա

Դեմենցիա
08.05.2023 | 21:27

Օրերս լույս ընծայեցինք մալթացի ժամանակակից գրող Թրևոր Զահրայի պատմվածքների՝ ,,Երեկոյան ժամերգություն,, խորագրով ժողովածուն («Ոգի-Նաիրի» հր., թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան: Գիրքը էլեկտրոնային ձևաչափով կարող եք տեսնել այստեղ՝ https://vogi-nairi.am/hy/books/): Տարբեր տարիքի ընթերցողները ժողովածուում կգտնեն հաճելի, գեղեցիկ, սրտահույզ տասնյակ պատումներ: Ես, սակայն, ուզում եմ ուշադրություն սևեռել դժվարաթեմա մի պատմվածքի վրա, որ կոչվում է «Արմավի կղզի»:

Այստեղ հեղինակը գրում է մի երկրի մասին, ուր բնիկ թամալցիները հրաշալի արմավի ծառեր էին աճեցնում, բայց գալիս են զավթիչները՝ իրենց հետ բերելով արմավենու նոր տեսակ եւ իրենց լեզուն: Կղզին սկսում է նենգափոխվել: Բնիկների մայրենին հետզհետե դուրս է մղվում կյանքից՝ զիջելով զավթիչների լեզվին, իսկ տեղական արմավենուն փոխարինում է օտար ծառատեսակը:

«Վերջ ի վերջո,- գրում է հեղինակը,- կղզու բոլոր բնակիչները հանձնվեցին համազգային դեմենցիայի մի տեսակի: Մարդիկ մոռանում էին իրենց անունները, ազգանունները, մոռանում էին, թե որտեղից են եկել, ու այնքան գոհ էին հիշողության այդ կորստից»:

Ձեզ չի՞ թվում, որ մալթացի հեղինակը, այլաբանորեն, միայն սեփական փոքրիկ երկրի հետ կապված տագնապը չի ահազանգում, ուր անգլերենը երկրորդ պետական լեզու է հաստատված, այլև ահազանգում է մեզ ու ամենքին, ովքեր կամա թե ակամա աճուրդի են հանել սեփական տեսակը:

Հայ հանրությունը հիմա նորահայտ դեմենցիայի վիճակում է, երբ փորձ է արվում մոռացության տալ ազգային ոգին, պատմությունը, ինքնությունը՝ ձգտելով ժողովրդին վերածել տեսանելի, մեր սահմաններին դոփող զավթիչներին հեշտորեն ձուլվելիք զանգվածի:

Առողջ ու հեռատես գրականությունն այն միջոցներից մեկն է, որ օգնում է կանխել վերահաս աղետը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ. Դեմենցիա - հին հունարեն՝ հյուծում, մարում: Ժամանակակից բժշկագիտական եզրաբանությամբ՝ դեմենցիան ձեռքբերովի հիվանդություն է՝ թուլամտություն, որն ուղեկցվում է ունեցած գիտելիքների կորուստներով, նոր գիտելիքների ձեռք բերման դժվարացմամբ։ Դեմենցիան հոգեկան գործառույթների քայքայումն է, որ տեղի է ունենում հատկապես ծերության հասակում։

Արդյո՞ք մեր ազգը ծերացման փուլում է…

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ